Սա արդեն հետաքրքիր է դառնում
Monday, November 30, -1Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ ամերիկյան նոր խոշոր ներդրումների մասին խոսելն առայժմ վաղ է: Դեսպանի խոսքով, ամերիկացի ներդրողները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելով, սակայն ցանկանում են տեսնել, թե արդյոք կառավարությունը հետամուտ կլինի կոռուպցիայի դեմ պայքարում:
Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցից հետո կտրուկ հայտարարություններ հնչեցին եվրոպական ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եվրոպացիներից ակնկալիքներն ավելի մեծ էին, սակայն հեղափոխությունից հետո Հայաստանի հանդեպ քաղաքականության փոփոխություն չկա: Ի պատասխան Հայաստանում Եվրամիության դեսպան Սվիտալսկին հայտարարեց, թե եթե Հայաստանի քաղաքականության մեջ չկա փոփոխություն, ինչու պետք է լինի ԵՄ կողմից:
«Իսկ դուք ասում եք հետևյալը՝ որ Հայաստանի քաղաքականության մեջ գոյություն չունեցող քաղաքականությունը պետք է արդյունքում բերի Հայաստանի նկատմամբ ԵՄ ունեցած քաղաքականությունում փոփոխության: Կարո՞ղ եք բացատրել ինձ, թե ինչպես կարելի է համատեղել այս երկուսը», ասել էր Սվիտալսկին:
Շատերն են նշում, որ հայկական հեղափոխության հանդեպ Արեւմուտքում, չնայած հիացական հայտարարություններին, ընդհանուր առմամբ անտարբեր վերաբերմունք է: Դա կարող է պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով, եւ հիմնականը թերեւս այն է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն արտաքին կողմնորոշման փոփոխություն չէր, ինչպես Վրաստանի եւ Ուկրաինայի պարագայում: Նոր իշխանությունն իր հերթին բազմիցս հայտարարել է այդ մասին, որ արտաքին քաղաքականության ռազմավարությունը չի փոխվելու:
Իր հերթին, Հայաստանի աշխարհքաղաքական դերակատարությունը, այն է՝ թուրքական էքսպանսիայի զսպումը, խոշոր հաշվով չի ենթադրում արտաքին կողմնորոշման փոփոխություն, եւ այս դերակատարության հարցում կա միջազգային լայն կոնսենսուս:
Մնացածը դիտարկվում է որպես ներհայկական խնդիր, եւ այդ մասին էին հայտարարում նաեւ հայկական հեղափոխության առաջնորդները:
Այսինքն, Հայաստանի հանդեպ քաղաքականությունն ըստ էության մնում է նույնը եւ կարող է փոխվել խիստ կոնկրետ հանգամանքներում:
Մյուս կողմից, ակնհայտ է, որ Արեւմուտքից Հայաստանի առջեւ չի դրվում արտաքին կողմնորոշման խնդիր, բոլորին պարզ է Հայաստանի իրավիճակը եւ դերակատարությունը, եւ վարվող քաղաքականությունն ուղղված է այդ դերակատարության ապահովման նվազագույն պահանջներին: Իսկ ավելին՝ ավելիի դիմաց, ինչպես բազմիցս կրկնել են եվրաչինովնիկները:
Այս պայմաններում չկա ոգեւորության կամ հիասթափության պատճառ: Հեղափոխությունը պետք է շարունակվի բոլոր ոլորտներում եւ հասցվի իր տրամաբանական ավարտին: Այսինքն, ստեղծվի նոր որակի պետություն: Մի բան, որն արեցին օրինակ վրացիները, որը սակայն տեղի չունեցավ Ուկրաինայում. այնտեղ պահպանվել է օլիգարխական կառավարումը, պարզապես Ուկրաինան ստանձնել է աշխարհքաղաքական խոշոր դեր:
Արեւմուտքի դեսպանները՝ Միլզը եւ Սվիտալսկին, սա են ասում, եւ ասում են իրենց հատուկ բաց տեքստով: Եվ դա դրական հանգամանք է, քանի որ տարընթերցումների տեղիք չի տալիս եւ միաժամանակ հստակեցնում է իրավիճակը, տեղ չթողնելով պատրանքների ու ձեւականությունների համար:
Ի՞նչ արձագանք կստանա այս ամենը Ռուսաստանում. սա պակաս կարեւոր խնդիր չէ, այն առումով, որ Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերությունները փաստացի մինչ այժմ պայմանավորվել են Ռուսաստանի հետ հարաբերություններով, «ածանցվել» դրանից: Կարո՞ղ է Հայաստանն այս իրավիճակը «տեղափոխել» նաեւ Ռուսաստանի հետ պարտավորեցնող հարաբերության դաշտ, որպեսզի Մոսկվայում չբավարարվեն միայն նրանով, որ Հայաստանը «ոչ մի տեղ չի գնում»: Համենայնդեպս, այստեղ էլ եկել է հարաբերությունները հստակեցնելու ժամանակը:
Source: https://www.lragir.am/2018/07/18/365339/