Որտեղից է սկսել Մանվել Գրիգորյանը. Փաշինյանը գտել է բանալին
Monday, November 30, -1Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Մանվել Գրիգորյանի ամառանոցում բացահայտվածը երրորդ հանրապետության ամենախոշոր կոռուպցիոն պատմությունն է: Մանվել Գրիգորյանը երրորդ հանրապետության «ուղեկիցն» է, որը խաղաղության տարիների իր «փառապանծ» կյանքն ու գործունեությունը սկսել է հրադադարից գրեթե անմիջապես հետո, իշխանության բարձր հովանու ներքո դառնալով ռազմա-ֆեոդալիզմի գլխավոր խորհրդանիշերից մեկը:
Հանրությունը դրա առաջին դրսեւորման հետ բախվեց դեռեւս 1996 թվականի նախագահի ընտրությունից հետո տարածված մի տեսագրությամբ, որը պատկերում էր 1996-ի նախագահի հայտնի ընտրությունից եւ սեպտեմբերի 26-ի իրադարձություններից մի քանի օր անց հենց գեներալ Մանվելի տանը տեղի ունեցած «ռազմա-ֆեոդալական» խրախճանքը:
Այն ժամանակ իհարկե չկար Ֆեյսբուք, սոցցանցեր չկային, եւ տեսանյութը ուներ խիստ սահմանափակ տարածում:
Հետո Հայաստանն անցավ բոլորին հայտնի ճանապարհը, աղաղակող նորանոր ընտրակեղծիքներով, քաղաքական եւ տնտեսական կոռուպցիայով, ռազմա-ֆեդոալականությունից քրեաօլիգարխիայի անցումով, այդ ընթացքում ահաբեկություններով, ողբերգություններով, բումերանգներով, այդ ճանապարհի տարբեր աղաղակող դրվագների ու պատմությունների մասին միլիոնավոր այլ տեսագրություններով ու դրվագներով, մինչեւ 2018 թվականի ապրիլ-մայիսին հասարակությունը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ու առաջնորդությամբ գտավ Հայաստանի ճանապարհը փոխելու կամք:
Այդ ամբողջ ընթացքում Մանվել Գրիգորյանն ունեցել է տարբեր բնույթի դերակատարում: 2008 թվականին օրինակ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում հանրությանը հորդորում էր վանկարկել՝ Մանվել, Մանվել: Մանվելը այդպես էլ չլսեց, կամ լսեց ու արեց հակառակը:
Մանվելը չլսեց, երբ արցախցիներն էին ապրիլի քառօրյա պատերազմից հետո նրան հորդորում հեռանալ Արցախից, վերջ տալ իր խմբի ամենաթողությանը: Մանվելն էլի չլսեց, մինչեւ նրան դա չասաց Սերժ Սարգսյանը՝ մի քանի շաբաթ անց միայն:
Մանվել Գրիգորյանը Հայաստանի անկախության ճանապարհի «ուղեկցող խորհրդանիշն» է, երրորդ հանրապետության ամենախոշոր կոռուպցիոն բացահայտումն է թերեւս այդ իմաստով, որովհետեւ կասկած չկա, որ Հայաստանում եղել է նաեւ ավելի խոշոր կոռուպցիա, որը հնարավոր է բացահայտել: Բայց, Մանվելն այդ իմաստով բանալի է, որովհետեւ անցել է երեք նախագահների եռանկյան բոլոր երեք անկյուններով, եւ Նիկոլ Փաշինյանն այդ իմաստով հայտարարել է, դե ֆակտո, որ իր ձեռքում է այդ «եռանկյան բանալին»:
Այդ բանալին է օգնելու բացել դուռը դեպի «չորրորդ հանրապետություն», որից այդքան վախենում էր ՀՀԿ-ն:
Երեք նախագահների եռանկյունի հասկացությունը հիմնականում ընկալվել է անձնավորված: Իրականում երեք նախագահների անձերը տվյալ դեպքում խորհրդանշում են ընդամենը պետականության աղճատման փուլերը, որոնցում ահռելի դեր ունեցել են բազմաթիվ այլ անձեր եւս: Ընդ որում, եռանկյունին դիտարկվում է նաեւ գլխավոր դերակատար կամ երկրորդական անձերի պատասխանատվության չափով, համեմատելով, կամ անթույլատրելի համարելով մեկի եւ մյուսի համեմատությունը, ըստ կարդացածության կամ գիտական աստիճանի, դրա բացակայության, գրագիտության եւ այլն:
Մոլորությունն ըստ երեւույթին այն է, որ հետեւանքի խորությունն այլեւս վաղուց բացառում է պատասխանատվության անհատական գործակցի վճռորոշ նշանակությունը: Բոլորն են միեւնույն հետեւանքի մեջ, վաղուց արդեն անկախ «հիերարխիայից», ու դա է նաեւ պատճառը, որ պատմությունն ուղղակի անխուսափելի էր դարձնում չորրորդ հանրապետության ծնունդը, որպեսզի երրորդը ոչ թե մեռնի՝ սպանելով պետությունը, այլ բարեհաջող անցնի պատմության գիրկը, ժամանակի մեջ եւ ապագայի համար պահպանելով պետությունը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հետդարձի դուռը փակ է՝ երրորդ հանրապետության ամենախոշոր կոռուպցիոն սկանդալի բացահայտումով: Խոսքն ամենեւին մասշտաբի մասին չէ, ծավալի մասին չէ, այլ բնույթի եւ խորության, որն արտահայտվում է ոչ միայն տնտեսական եւ նյութական, նաեւ բարոյական չափելի կատեգորիաներով, այլ այն կեղծ արժեքներով, որոնց վրա կառուցվել էր երրորդ հանրապետությունը: Դրանով է բացահայտումն ամենախոշորը, ու դրանով է, որ բանալին փակում է հետդարձի դուռը:
Հակոբ Բադալյան
https://www.lragir.am/2018/06/18/357167/