Ամերիկա-ռուսական կոնսենսուս. Բակո Սահակյանի պատասխանը Բաքվին
Monday, November 30, -1Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Պուտինին, մարտի 18-ի նախագահի ընտրությանը հաղթելու առիթով: Բակո Սահակյանը Պուտինին փաստացի շնորհավորում է Միացյալ Նահանգներից: Նա այցելել է այդ երկրի մայրաքաղաք, հանդիպումներ ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, նաեւ փորձագիտական շրջանակներում: Բակո Սահակյանի այդ այցը արժանացել էր Բաքվի դժգոհությանը, որ բողոքի տեսքով ներկայացվել էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին:
Միեւնույն ժամանակ, նկատելի է, որ Բաքուն Բակո Սահակյանի արցախյան այցի համատեքստում որոշակի ջանք է գործադրել այցը «հակառուսականության» փաթեթով ներկայացնելու համար, այդպիսով Մոսկվայի հակազդեցությունն առաջացնելու համար, նկատի ունենալով այն, թե որքան զգայուն կարող է լինել Մոսկվան հայկական կողմում Արեւմուտքի ուղղությամբ ակտիվության հանդեպ:
ՌԴ նախագահի ընտրության առիթն օգտագործելով, Բակո Սահակյանն ըստ երեւույթին փորձել է հակադարձել ադրբեջանական ջանքին եւ Մոսկվայի համար բալանսավորել իրավիճակը, ցույց տալով, որ ամերիկյան այցը Արցախի արտաքին քաղաքականության մեջ ռուսական ուղղությունը ոչ թե բացառելու կամ փոխարինելու, այլ լրացնելու համար է:
Ընդ որում՝ լրացում, որի անհրաժեշտությունն ունեն ոչ միայն հայկական երկու պետականությունները՝ հաշվի առնելով ԱՄՆ ահռելի դերը միջազգային եւ ռեգիոնալ անվտանգության համատեքստում, այլ ունի նաեւ Ռուսաստանն ինքը, քանի որ առանց ԱՄՆ դերակատարության Մոսկվայի համար ներկայում չափազանց բարդ կլինի Կովկասի ռեգիոնալ անվտանգության համատեքստում դիմագրավել թուրք-ադրբեջանական ճնշումը:
Ավելին, գործնականում ԱՄՆ-ն է այդ հարցում Ռուսաստանի համար առավելագույն, իսկ գուցե միակ նախընտրելի գործընկերը, քանի որ ռեգիոնում ազդեցության եւ շահերի համար մրցակցությունում Նահանգները խոշոր հաշվով Ռուսաստանի համար ոչ թե անմիջական մրցակից կամ առավել եւս հակառակորդ է, այլ ըստ էության նրանց միջեւ մրցակցությունն այսպես ասած էքզիստենցիալ է, թեկուզ դիմակայության, բայց նաեւ փոխզիջումային ահռելի պաշարով, քանի որ Նահանգների գլոբալ դերակատարումը ենթադրում է նաեւ ռեգիոնալ անվտանգության համակարգի կառավարման համատեքստում պայմանավորվածությունների ավելի լայն միջավայր:
Մի բան, որ Մոսկվայի համար հնարավոր չէ ռեգիոնալ խաղացողների, Թուրքիայի եւ անգամ Իրանի հետ, հաշվի առնելով այն, որ այստեղ արդեն մրցակցությունը խիստ անմիջական է եւ «առօրեական», չնայած հարաբերության առավել բարենպաստ ընթացիկ ռեժիմին:
Այդ իմաստով, հատկապես ապրիլյան քառօրյայի ձախողումից հետո, որը նաեւ ռուսական գլոբալ պատասխանատվության ձախողումն էր, հայկական քաղաքականության մեջ ամերիկյան ուղղությունը ցանկալի լրացում է նաեւ Մոսկվայի համար: Իհարկե, դա ամենեւին օրակարգից չի հանում «խանդի» հարցը եւ այստեղ անշուշտ հայկական կողմից պահանջվում է գրեթե «ոսկերչական» զգուշավորություն եւ հաշվեկշռի զգացողություն:
Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Պուտինին անշուշտ այդ կարգից է, թեեւ այստեղ պետք է նկատել նաեւ, որ ՌԴ նախագահի ընտրությունից հետո առկա է ամենեւին ոչ փիլիսոփայական, այլ պրակտիկ քաղաքական հարց՝ ով կամ ի՞նչ է Պուտին-2018-ը: Այն ռուսական «ցար»-անձ է, թե՞ «ցար»-նախագիծ: Ինչպե՞ս է ստացվել նրա մոտ 80 տոկոս քվեն: Դա Պուտինի անվերապահ հեղինակությո՞ւնն է «սառըպատերազմյան» ֆոնին, երբ ռուսական հանրության մոտ սրվել է մեծապետականության պետականաստեղծ զգացումը՝ ի դեմս Պուտինի, թե՞ այդուհանդերձ Պուտինն իր 80 տոկոսի համար ավելի պարտական է լինելու իշխանության տարբեր շրջանակների, ավելի շատ ինքը դառնալով նրանց ենթակա, քան հակառակը:
Միեւնույն ժամանակ, այդ համատեքստում արժե ուշադրություն դարձնել ՌԴ նախագահի ընտրությունից առաջ բավական ուշագրավ ամերիկա-ռուսական խաղի: Մասնավորապես, Վաշինգտոնը հրապարակեց Պուտինի կամ Կրեմլի ցուցակը, որտեղ նրա մոտ ու հեռու ամբողջ իշխանա-տնտեսական շրջապատն էր:
Այդ ցուցակը ստիպեց այդ շրջապատին ավելի ամուր գրկել Պուտինին, քանի որ գործնականում իրատեսական չէր պատկերացնել, որ մոտ 200 միլիարդատեր եւ առանցքային պաշտոնյա կարող էին գործնական պայմանավորվածության գալ Պուտինին հանձնելու շուրջ:
Այդպիսով, նախագահի ընտրության գործընթացից առաջ ԱՄՆ կամա թե ակամա օգնեց Պուտինին ձգել իր շրջապատը, այն առանցքային խմբերին, որոնք պետք է դեր ունենային նախագահի ընտրությանը:
Կրեմլի ցուցակի հրապարակումից մի քանի օր առաջ հաջորդաբար Վաշինգտոն էին մեկնել ՌԴ երեք հատուկ ծառայությունների ղեկավարները, հանդիպումներ ունենալով ԱՄՆ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ: Ի դեպ, նախագահ Թրամփը օրերս նրանցից մեկին՝ ԿՀՎ պետ Մայք Պոմպեոյին նշանակեց արտաքին գործերի նախարար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Source: http://www.lragir.am/index/arm/0/comments/view/172323