Փաշինյան-Պուտին ուղիղ կառավարում. ինչ ազդակ կլինի Նահանգներից
Monday, November 30, -1Հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Պուտինը Ադրբեջան կայցելի սեպտեմբերի 25-ին: Պուտինն այցելելու է նաեւ միջինասիական մի քանի երկրներ: Ռուսաստանի Դաշնության նախագահը Ադրբեջանի նախագահին Մոսկվայում ընդունել էր սեպտեմբերի 1-ին, ստորագրվել էին մի շարք պայմանագրեր գործակցության տարբեր ոլորտներում:
Պուտինի թե այդ հանդիպումը, թե սեպտեմբերի 25-ի այցը Ադրբեջան բնականաբար ուշադիր դիտարկվում է Հայաստանից: Հայաստանում ընդհանրապես հասկանալի զգայունությամբ են վերաբերում ռուս-ադրբեջանական շփումներին, առավել եւս բարձր մակարդակի: Այստեղ հիմնականում ամեն ինչ դիտարկվում է համեմատության պրիզմայով, եւ սովորաբար ընկալումն այն է, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ հարաբերվում է այսպես ասած Հայաստանին պատժելու համար կամ Հայաստանից դժգոհ լինելու դեպքում:
Սա անշուշտ պարզունակ ընկալում է եւ միեւնույն ժամանակ ռուս-ադրբեջանական շփման համատեքստի առանցքում չէ նաեւ լոկ արցախյան խնդիրը: Նույնիսկ Ադրբեջանի դեպքում թերեւս վերապահումով է հնարավոր ասել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունն առանձնապես բխում է Արցախի հարցում ինչ որ բան ստանալու մղումից:
Ինչ խոսք Ադրբեջանն ունի այդպիսի ակնկալիք, բայց թերեւս դա չէ գերական: Բաքուն ունի ահռելի խնդիրներ այլ ուղղություններով, ինչպես նաեւ ներքին իրավիճակի բալանսավորման անհրաժեշտություն: Ռուսաստանն էլ իր հերթին ունի Ադրբեջանում մրցակցությունից հետ չմնալու խնդիր: Այնտեղ հատվում են Իրանի, Թուրքիայի, Իսրայելի ջանքերը, ընդ որում բավական աշխույժ: Զուգահեռ առկա են Արեւմուտքի էներգետիկ հետաքրքրությունները:
Ռուսաստանը Ադրբեջանի հետ սերտ հարաբերության միջոցով փորձում է հետ չմնալ այդ դաժան մրցակցությունից: Այստեղ իհարկե Հայաստանը եւ Հայաստանի շահերը տարիներ շարունակ դիտվել են խաղաքարտ: Բայց, դեռեւս 2016-ի ապրիլին Մոսկվան տեսավ, թե դա ինչ վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ իր համար: Այդուհանդերձ, Մոսկվայի հարյուրամյակով ձեւավորված այդ փիլիսոփայությունն ու պատկերացումը փոխելու միջոցը Հայաստանն է, այսինքն Հայաստանի վերափոխումը, երբ Երեւանը կարող է Մոսկվայի հետ խոսել ավելի վստահ:
Ավելի վստահը ամենեւին «գրողի ծոցն» ուղարկելը չէ: Ավելի վստահը հարաբերությունն ու իրավիճակը փոխադարձ շահերի տրամաբանությամբ եւ աստիճանաբար ավելի ու ավելի առարկայական ներկայացնելն է, Ռուսաստանին բերելով նոր հարաբերության դաշտ: Ինչ խոսք, դա ժամանակ պահանջող գործընթաց է, բայց դրան օգնում է նաեւ այն, որ Ռուսաստանն ավելի ու ավելի է թուլանում արտաքին պատժամիջոցների ու ներքին խնդիրների ներքո:
Այստեղ արդեն Հայաստանի նշանակությունը ՌԴ համար փոխվում է, եւ խնդիրը դառնում է արդեն Հայաստանի համար սեփական նշանակության վերագնահատումը, որից էլ պետք է բխի սկզբունքային նոր մոտեցումը ՌԴ հանդեպ: Հայաստանում այդ գործընթացը մեկնարկել է ակնհայտորեն, հարց այն է, թե ինչ շարունակություն կունենա: Այստեղ խոսքն այն մասին է, որ զգալիորեն բարդացող համաշխարհային դիմակայության պայմաններում Հայաստանը փորձում է թույլ չտալ ռուսական օղակի նեղացում, միեւնույն ժամանակ Ռուսաստանի հետ առճակատում թույլ չտալով ձեւավորել ներքին վերափոխումների եւ արտաքին հարաբերության շրջանակի ու արագության ավելացում:
Այդ տեսանկյունից, Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի տված գնահատականը՝ փայլուն հարաբերության մասին, գործնականում գնահատական է ոչ այնքան ինքնին հայ-ռուսական հարաբերության բովանդակությանը, որքան հենց այդ գործընթացին, խնդրին, որ դրված է Հայաստանի առաջ միջնաժամկետ հեռանկարում: Հարաբերություն որպես այդպիսին չկա վաղուց, եւ գործնականում միակ խնդիրը Կովկասի անվտանգության տիրույթում բալանսը պահելն ու Բաքվին զսպելն է:
Խոշոր հաշվով, Փաշինյանին թերեւս հաջողվել է հրամայականների այդ լայն իմաստով ստանալ ՌԴ նախագահի անձնական աջակցությունը, ինչը առանցքային է, նկատի ունենալով այն, որ Ռուսաստանի հետ ներկայում չափազանց բարդացել է աշխատանքը այսպես ասած «ինստիտուցիոնալ» առումով:
Պատճառը ոչ միայն այն է, որ դե ֆակտո այդ հարթությունը «դատարկ» է եղել գործնականում միշտ եւ հարաբերությունների հիմնական ծանրությունը միշտ եղել է առաջին դեմքերի մակարդակի վրա: Առանցքային խնդիր է եւ այն, որ Ռուսաստանում ներկայում ներքին ծանրագույն վիճակ է, եւ ըստ էության անկանխատեսելիության բավական թեժ փուլում է հայտնվում այդ երկրի ինստիտուցիոնալ համակարգը, երբ չափազանց արագ ու դինամիկ փոփոխության կարող են ենթարկվել ներքին խմբային շահերը, որոնց հետեւից Հայաստանը չի կարող հասցնել օբյեկտիվորեն:
Այդ իմաստով հատկանշական է, որ ՌԴ նախագահը Փաշինյանի հետ հանդիպմանը արձանագրում է միջնաժամկետ հեռանկարի համար սլաքները ճշտելու հանգամանքը, ինչը գործնականում նշանակում է, որ միջնաժամկետ հեռանկարում հայ-ռուսական հարաբերությունը գտնվելու է «անձնական պայմանավորվածությունների» ընդգծված ռեժիմում: Այլ կերպ ասած, մտցվել է Փաշինյան-Պուտին «ուղիղ կառավարում»: Երկու գործիչներն էլ՝ ամեն մեկը պատճառների յուրովի համախմբով, բայց գործնականում ներկայում չունեն այլընտրանք, ամեն մեկն իր մասով: Այստեղ հետհեղափոխական իրավիճակ է, այնտեղ նախահեղափոխական:
Այդ իմաստով ուշագրավ է, թե «ուղիղ կառավարման» ռեժիմում արդյոք Պուտինի Բաքու այցն ու Ալիեւի հետ հանդիպումը կհամադրվի Փաշինյանի Նյու Յորք այցին եւ հնարավոր հանդիպմանը ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ ազդարարել է ՄԱԿ ԳԱ առիթով ամերիկյան այցը, որի հստակ ժամկետներ սակայն դեռեւս չեն նշվում: Միաժամանակ ազդարարված է նաեւ Թրամփի հետ հանդիպում կազմակերպելու մտադրությունը, այդ կապակցությամբ եղել է նաեւ ԱՄՆ կոնգրեսականների նախաձեռնությունը: Կլինի՞ Թրամփ-Փաշինյան հանդիպում Ալիեւ-Պուտին հանդիպմանը զուգահեռ, կամ Փաշինյանի ամերիկյան այցի որեւէ այլ նշանակալի դրվագ, ինչը կլինի «ուղիղ կառավարման» ազդակը Ալիեւին:
Source: https://www.lragir.am/2018/09/10/377592/