Թրամփի ակնարկը Ալիեւին. Հայաստանը փոխվել է
Monday, November 30, -1ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Ալիեւին: Թրամփը ուղերձում խոսել է նաեւ Արցախի հարցի մասին, ասելով, թե առաջիկա ամիսները բերում են դրա կարգավորման հնարավորություն:
Առաջին անգամը չէ, որ արցախյան խնդրի մասով հնչում են այդօրինակ հայտարարություններ, թե Մինսկի խմբի համանախագահների, թե երեք երկրների արտգործնախարարների, նախագահների մակարդակով: Սակայն ուշադրության արժանի է արցախյան խնդրի մասով Թրամփի մեկ այլ արտահայտություն. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր՝ Միացյալ Նահանգները սպասում է Ձեզ հետ համագործակցությանը՝ հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորումը գտնելու համար»:
ԱՄՆ «սպասում» է, եւ այստեղ է թերեւս ԱՄՆ նախագահի ուղերձի բուն բովանդակությունը: ԱՄՆ սպասում է Ադրբեջանին դեռեւս 2016 թվականի մայիսից, երբ Նահանգների նախաձեռնությամբ եւ հովանու ներքո կազմակերպվեց Վիեննայի հանդիպումն ու ձեւավորվեց Վիեննայի օրակարգը:
Այդ օրակարգը հրադադարի պահպանման մեխանիզմների եւ հետաքննության օրակարգն էր, որը ամիսներ անց բավական դիպուկ բնորոշել էր ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը՝ որ դա ստատուս-քվոն ընդունելու օրակարգն է:
Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ «սպասում» է, որպեսզի Ադրբեջանը գնա այդ օրակարգի շուրջ գործակցության, եւ Նահանգներն առաջիկա ամիսներին տեսնում են դրա հնարավորությունը:
Հարց է առաջանում, թե՞ ինչն է ԱՄՆ նախագահին տվել այդ հնարավորության մասին խոսելու եւ Ադրբեջանին «սպասելու» հիմք: Իհարկե, ապրում ենք փոթորկուն աշխարհքաղաքական իրողությունների պայմաններում, երբ առկա են բազմաթիվ բարդ ու հանգուցային, բազմաշերտ հարաբերություններ:
Սակայն այստեղ հարցն այն է, որ այդ արագ փոփոխությունների շարքում է նաեւ բնույթով ներքին, սակայն իր խորքային նշանակությամբ աշխարհքաղաքական ահռելի ներուժ պարունակող փոփոխությունը Հայաստանում՝ թավշյա հեղափոխության տեսքով, որի արդեն առաջին արդյունքը վարչապետի ընտրությունից մեկ շաբաթ անց ճանաչեցին թե ԱՄՆ, թե Ռուսաստանը՝ նախագահի մակարդակներում:
Ու թեեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ հեղափոխությունը չի նշանակելու Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխություն, այդուհանդերձ դա ոչ միայն խնդիր չէ, այլ թերեւս խնդիրը հենց այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը իր անվանական իմաստից բացի ստանա նաեւ բովանդակային եւ որակական իմաստ՝ Հայաստանի սուբյեկտության, ըստ այդմ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության որակական վերափոխման տեսքով, ինչն այդ հատկանիշի պարագայում կամա թե ակամա վերածվում է միջազգային անվտանգության համակարգի կարեւոր եւ արժեքավոր բաղադրիչի:
Հայաստանում տեղի ունեցած էավշյա հեղափոխությունը խոշոր հաշվով ստեղծել է դրա ահռելի նախադրյալ, Հայաստանի աշխարհքաղաքական եւ ռազմա-քաղաքական ներուժի ու ճկունության, դիմադրունակության մեծ դաշտ:
Հայաստանն արդեն իսկ փորձում է ստեղծել այդ դաշտի օգտագործման նախադրյալներ, ինչի վկայությունն են թե վարչապետ Փաշինյանի, թե պաշտպանության, թե արտաքին գործերի նախարարների մի շարք հայտարարություններ, այդ թվում նաեւ աննախադեպ՝ երբ օրինակ պաշտպանության նոր նախարարը վարչապետին հայտնում է, որ ամեն ինչ կանի ուժեղ բանակի եւ այդպիսով վարչապետի համար բանակցային ուժեղ դիրքեր ապահովելու, այդ թվում նաեւ ուժի դիրքից բանակցելու համար:
Հայաստանի այդ վարքագիծը ունի ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին ահռելի լեգիտիմություն, եւ այդ իմաստով ԱՄՆ նախագահը «սպասում» է, որ Ադրբեջանը ռազմական դիվանագիտության ու շանտաժի դիրքերից առաջիկա ամիսներին կգա դիվանագիտական-քաղաքական դիրք՝ կամ այլ կերպ ասած երկարատեւ եւ խաղաղ կարգավորման դիրք:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Source: http://www.lragir.am/index/arm/0/comments/view/177104